Նահանջ էր ժողովրդավարությունից. Սուրենյանցը` ավագանու անդամներին մանդատից զրկելու մասին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետն ընդգծում է` Երևանի քաղաքապետարանում փերտվարի 7-ին տեղի ունեցածը աննախադեպ է, այն էլ այն դեպքում, երբ այդ անձինք քաղաքական պայքարի մեթոդներից մեկն են օգտագործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Երևանի ավագանու ընդդիմադիր մի քանի անդամի մանդատներից զրկելու որոշումը որակում է որպես նահանջ ժողովրդավարությունից։
«Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցածը հերթական կոպիտ նահանջն էր ժողովրդավարությունից։ Պետք է հատուկ արձանագրել, որ ժողովրդավարությունը փալասի պես իրենց ոտքերի տակ տրորում են, հատկապես այն ուժերը, ովքեր առավոտից երեկո խոսում են արևմտյան արժեքների մասին։ Տվյալ դեպքում խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների մասին է»,– Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում նշեց Սուրենյանցը։
Նրա խոսքով` տեղի ունեցածն աննախադեպ է, քանի որ անհեթեթ է առաջնային մանդատ ունեցող մարդկանց զրկել մանդատից, ընդ որում այն դեպքում, երբ այդ մարդիկ օգտագործել են քաղաքական պայքարի մեթոդներից մեկը` բոյկոտը։
Քաղաքագետի պնդմամբ` նման հեշտ ձևով այդպիսի որոշումներ չեն կայացվում, ընդ որում դա անում է փոքրամասնություն ներկայացնող իշխանությունը։ Սուրենյանցն ընդգծում է` երեկ տեղի է ունեցել «քաղաքական անասնագողություն», և նման պարագայում կապ չունի, թե տվյալ խմբակցությունների նկատմամբ ով ինչ վերաբերմունք ունի։
«Ամեն ինչ իրականացվել է քննչական կոմիտեի գործուն մասնակցությամբ, որովհետև այս պրոցեսի բոլոր դերակատարները նշում են, որ այդ 2 անձը («Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներ Գևորգ Ստեփանյանը և Զարուհի Փոստանջյանը, որոնց ավագանին չի կարողացել զրկել մանդատներից- խմբ.) նախորդ օրը հենց քննչական կոմիտեում են եղել։ Այսինքն` ՔԿ–ն դարձել է քաղաքական պրոցեսները մոդելավորող գործիք։ Եթե պետք է իշխանությանը, որ նվաստացնի ու փալասի կարգավիճակում դնի Ալեն Սիմոնյանին, ՔԿ–ն գործի է դրվում ու կալանավորվում է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Երբ պետք է լինում, որ Տիգրան Ավինյանի իշխանությունը չսասանվի, կրկին այդ գործիքն են առաջ քաշում»,– ասաց Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում 32 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանին և Զարուհի Փոստանջյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատներից։ Ձայների մեծամասնությամբ ավագանու մանդատներից զրկվել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանը և Սոնա Աղեկյանը, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը։