ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայաստանի կառավարության աջակցության շրջանակներում մաքսազերծվել է վրացական համարանիշներով ավելի քան 2600 ավտոմեքենա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Նշվում է, որ կառավարության աջակցության ծրագրի շրջանակներում վրացական համարանիշներով 2648 ավտոմեքենա արդեն ստացել է մաքսային ձևակերպում:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ Վրաստանից Հայաստան է ներմուծվել 8644 ավտոմեքենա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։
Պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար 40%-ի, ավելի հին մեքենաների համար` 70%-ի չափով։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։