Լեռնային Ղարաբաղից գաղթելու ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել. Արգիշտի Քյարամյան

Արգիշտի Քյարամյանը. Արխիվային լուսանկար
2023 թ. սեպտեմբերի 19-20-ին Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 223 մարդ է զոհվել, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից արցախահայության բռնի տեղահանման ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել։ Այս տեղեկությունը «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նա ընդգծել է, որ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախահայտության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում:
«Սա ինչու եմ հատուկ ընդգծում. շատ հաճախ ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ՀՀ-ի զինված ուժերի առկայության հանգամանքը ԼՂ-ում, որը անթույլատրելի է»,ասել է Քյարամյանը:

Նա նաև հրապարակել է 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գրանցված զոհերի, վիրավորների և անհետ կորածների թիվը։ Ըստ այդմ` 223 մարդ է զոհվել, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ 244 մարդ վիրավորում է ստացել, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։ Այդ հարձակման հետևանքով 20 անհետ կորած կա, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են:

«Արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։