Հաջորդը Գյումրի՞ն է. ՔՊ-ն դադարեցնում է համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին կներկայացնի ստեղծված իրավիճակն ու խմբակցության հետագա անելիքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին հրավիրում է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակն ու խմբակցության հետագա անելիքները:
Նշենք, որ Գյումրու համայնքապետը «Բալասանյան» դաշինքից է, երկու տեղակալները՝ ՔՊ-ից։ ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնը ստանալու համար կարիք է ունենալու ընդդիմադիր խմբակցություններից քվեներ ստանալ։
Ըստ Sputnik Արմենիայի աղբյուրի՝ ենթադրվում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կփորձի նույն սցենարով շարժվել, ինչ Ախուրյանում և Ալավերդիում (երբ գործող ՀՅԴ-ն ու «Ապրելու երկիրը» ներկայացնող համանքապետները փոխարինվեցին-խմբ.)։ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հրաժարվեց այս պահին մեկնաբանել լուրը ՝ խոստանալով նոր որոշումների մասին տեղեկացնել դեկտեմբերի 11-ին։
Ֆրանսիական «Լույսը» բարեգործական ճաշարան է բացել Գյումրի տեղափոխված արցախցիների համար
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն դեկտեմբերի 5-ին վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքը։
Գյումրիում 2021 թ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին «Բալասանյան» դաշինքը (9637 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7785 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (1333 ձայն), «Զարթոնք» կուսակցությունը (2793 ձայն) և «Ապրելու երկիր» կուսակցությունը (1489 ձայն):
Հոկտեմբերի 30-ին «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, երկու փոխքաղաքապետերի պաշտոնում՝ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության թեկնածուները: