ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը լքել է մարտադաշտը, իսկ երկու դասակների հրամանատարները հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները։ Նրանք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ա.Ս.-ն, 2020թ. 44–օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 2-ին` ժամը 06:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, ՊԲ զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը:
Բացի այդ, ՀՀ ՊՆ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վ․Տ․-ն և նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռ.Ղ.-ն 2020թ․ հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտական խնդրի կատարման ընթացքում հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց։
Որոշում է կայացվել Ա.Ս․-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) հատկանիշներով:
Իսկ Վ.Տ․-ի և Ռ․Ղ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը):
Նախաքննությունը շարունակվում է: