Վիճահարույց Նապոլեոն Բոնապարտը, վիճահարույց Պապ թագավորը. կարծիքները խիստ տարբեր են

Sputnik
«Պատմությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի սուտ, որի շուրջ համաձայնության են եկել բոլորը»։ Այս մտքի հեղինակը՝ Նապոլեոն Բոնապարտը, հաստատ կանխատեսում էր, որ տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ անց չեն դադարի թեժ վեճերը հենց իր անձի և գործունեության շուրջ։ Այս անգամ պատճառը բրիտանացի արվեստագետ, «Գլադիատոր» և այլ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Ռիդլի Սքոթի վիճահարույց նոր կինոնկարն է ֆրանսիացու մասին, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Նապոլեոն»։
Չլինելով ռազմական գործիչ` Մանուկյանը լավ հասկանում էր պատերազմական իրադրությունը. Դուլյան
Կարծիքների բախումը սկսվել էր դեռ մինչև նոյեմբերի 22-ը, երբ տեղի ունեցավ կինոնկարի համաշխարհային պրեմիերան։ Փարիզյան առաջատար պարբերականներից մեկը գրել է. «Բրիտանացի Ռիդլի Սքոթը պարզապես վերաշարադրել է պատմությունը հակաֆրանսիական ոգով»։
Այս մեղադրանքը բացատրելի է՝ գաղտնիք չէ, որ երկու եվրոպական ազգերը հակամարտել են դարեր շարունակ։ Հիշենք թեկուզ 100-ամյա պատերազմը, որի ընթացքում անգլիացիները բազմաթիվ փայլուն հաղթանակներ տարան։ Եվ ո՞վ հաղթեց այդ աննախադեպ երկար պատերազմում։ Այո′, շատ ճիշտ եք հիշում՝ ֆրանսիացիները։
Այդ երկու երկրները կարծես միմյանց հակապատկերը լինեն, փաստում են մասնագետները։ Մեծ Բրիտանիան միապետություն է, բայց իրականում այն ավելի շատ հանրապետություն է հիշեցնում, այնինչ Ֆրանսիան պաշտոնապես հանրապետություն է, բայց նախագահն այնքան լայն լիազորություններ ունի, որ կարծես միապետ լինի։
Ֆրանսիայում դեռ ոչ մի կին երկրի ղեկավար չի դարձել, իսկ Անգլիայում թագուհիները դարեր առաջ են սկսել կառավարել պետությունը, Մարգարետ Թետչերի մասին էլ չեմ ասում։ Ֆրանսիացիները միշտ ձգտել են տիրել ցամաքում, բրիտանացիները՝ ծովում։ Վերջապես, ֆրանսիացի պոետները և գրողները միշտ սիրել են շփվել ու վիճաբանել միմյանց հետ սրճարաններում և գինետներում, անգլիացիք, ինչպես նկատել է գրաքննադատներից մեկը, նստած են ամեն մեկն իր անկյունում ու միմյանց երեսը չեն ուզում տեսնել։
Այս ամենն, իհարկե, հրաշալի գիտեր Ռիդլի Սքոթը, որն, այնուամենայնիվ, որոշել է յուղ լցնել կրակի վրա ու որոշ դեպքերում լիովին շեղվել է պատմական իրականությունից։ Համաձայնե′ք` սա շատ բարդ հարց է. անհիշելի ժամանակներից շարունակվում է հայտնի վեճը՝ արդյոք գեղարվեստական ստեղծագործության հեղինակը իրավունք ունի իր ուզած ձևով ներկայացնելու պատմությունը։ Այո′, ասում են ոմանք, հիմնավորելով՝ արվեստագետի հորինածը հո գիտական ուսումնասիրություն չէ՞։
Ընդդիմախոսները, սակայն, փաստում են՝ գաղտնիք չէ, որ շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատմական դրվագների մասին պատկերացում է կազմում հենց գեղարվեստական ստեղծագործություններից, և ուրեմն գրողը կամ կինոռեժիսորը՝ սխալ ներկայացնելով պատմական փաստերը, թյուրիմացության մեջ է գցում հանրությանը, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ։
Ռիդլի Սքոթի արձագանքը շատ կոշտ է։ Լոնդոնյան «The Sunday Times» թերթին տված հարցազրույցում ռեժիսորն ասել է. «Երբ ինձ հակաճառում են պատմաբանները, ես նրանց հարցնում եմ՝ լսե′ք, տղե′րք, իսկ դուք ինքներդ այնտեղ եղե՞լ եք։ Չե՞ք եղել։ Դե ուրեմն ձայններդ կտրեք»։
Կներե′ք, չեմ համարձակվի նույնությամբ վերարտադրել ռեժիսորի բառերը, քանզի նա շատ ավելի կոշտ է արտահայտվել։ Ի դեպ, ֆրանսիացիների վրդովմունքն առաջացրել է նաև այն, որ Ռիդլի Սքոթը Նապոլեոնին համեմատել է Ադոլֆ Հիտլերի և Իոսիֆ Ստալինի հետ։ Այնպես չէ, որ անխտիր բոլոր ֆրանսիացիներն աստվածացնում են Նապոլեոնին, բայց այս համեմատությունը շատերին պարզապես վիրավորական է թվացել։
Ֆրանսիացի լրագրող Աննա-Էլիզաբեթ Մուտեն տարակուսել է. «Ինչպե՞ս կարելի է Նապոլեոնին համեմատել Հիտլերի և Ստալինի հետ։ Նա երբեք համակենտրոնացման ճամբարներ չի ստեղծել և մահվան չի դատապարտել ժողովուրդներին։ Այո′, նրա օրոք գոյություն է ունեցել քաղաքական ոստիկանություն, բայց շարքային մարդիկ ապրել են այնպես, ինչպես ցանկացել են, և ասել այն, ինչ մտքներով անցնի»։
Ո՞վ կդառնա Արգենտինայի նախագահ. երկու թեկնածուներից մեկը Էռնեկյանի նախկին խորհրդականն է
Իսկ Նապոլեոնի հիմնադրամի գիտական տնօրեն Պիեռ Բրանդան ավելացրել է. «Պատկերելով Նապոլեոնին որպես արյունարբու բռնապետ` Սքոթը բացարձակ ոչինչ չի ասում նրա դրական գործունեության մասին»։
Հետաքրքիր է, որ այս վեճը համընկել է Պապ թագավորի մասին մեկնաբանությունների հետ, որոնք օրերս եթերում հնչեցրել է Հայաստանի վարչապետը։
Երևի հիշում եք նրա խոսքերը. «Հիմա ո՞վ է Պապ թագավորը՝ նայած ով կգրի պատմությունը: Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, որը գրել է Պապ թագավորի մասին, պատմության մեջ ես կլինեմ հերթական Նեռը, սրբապիղծը, դավաճանը, հողատուն, իսկ եթե այդ պատմությունը կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը և արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, կասի որ մարդը բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»:
Այս առիթով հիշեցնեմ, որ Նապոլեոնը ժամանակին փաստել է. «Իմ իսկական փառքն այն չէ, որ 40 ճակատամարտերում հաղթել եմ. Վաթերլոյի պատմությունը խաչ քաշեց այդ ամենի վրա։ Այն, ինչ ապրելու է հավերժ՝ իմ մշակած քաղաքացիական օրենսգիրքն է»։ Բայց չմոռանանք նաև Բոնապարտի հետևյալ խոսքը. «Հայրենիքը կործանելու համար մի սրիկան էլ բավական է։ Պատմությունը դա ապացուցել է բազմիցս»։
Անկլավների հարց, այո՛, կա՛. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին