ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Շուտով կսկսվի Երևանի շրջանցիկ ճանապարհի ամենախնդրահարույց հատվածի կառուցումը։ Այս մասին խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2024 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Այդ ճանապարհին արդեն կառուցվել են հյուսիսային և հարավային հատվածները` Չարբախից Հարավարևմտյան թաղամաս և այնտեղից դեպի Աշտարակի խճուղի։ Սակայն Հարավարևմտյան թաղամասով անցնող հատվածի աշխատանքներն արդեն մի քանի ամիս է, ինչ կանգ են առել։ Դրա պատճառով այնտեղ մեծ խցանումներ են առաջանում։
Պատճառների մասին պատգամավորների հարցին Սանոսյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետարանը (որն աշխատանքների պատվիրատուն է) երկար ժամանակ չէր կարողանում պայմանավորվել հողատերերի հետ։ Նրանցից ոչ բոլորն էին համաձայն առաջարկվող փոխհատուցումներին, և նրանցից շատերի հետ ստիպված դատարանի միջոցով էին պայմանավորվում։
«Այժմ, որքանով տեղյակ եմ, այդ հարցերը լուծվել են, և շուտով այդ հատվածում շինարարությունը պետք է արագ ընթացք ստանա», – հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ նշված ճանապարհը «Հյուսիս–հարավ» նախագծի մաս է կազմում և նախատեսված է նրա համար, որ մեքենաները (այդ թվում` բեռնատար) ստիպված չլինեն Երևան մտնել հյուսիսից հարավ կամ հակառակ ուղղությամբ Հայաստանով անցնելիս։