ՀՀ-ում դատարաններն անկախ են, կալանավորումներն էլ միայն ընդդիմադիրների համար չեն․ Մինասյան

Գրիգոր Մինասյան. Արխիվային լուսանկար
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով՝ գործադիր իշխանությունը որևէ ճնշում չի գործադրում դատական իշխանության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում դատական համակարգն անկախ է և գործադիր մարմինը չի միջամտում դատավորների աշխատանքին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ մեկնաբանելով երկու անչափահաս երեխաների մոր, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է սեպտեմբերի 24-ին՝ բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս ընթացքում Վիրաբյանի առողջական վիճակը կալանավայրում մի քանի անգամ վատացել է, որի հետևանքով նա ուշագնաց է եղել։
Մինասյանը պատասխանելով լրագրողի՝ երկրում ընտրովի արդարադատություն իրականացնելու մասին հարցին, նշեց, որ նման գնահատականները օբյեկտիվ չի համարում։ Միաժամանակ նա հավելեց, որ իրավունք չունի միջամտելու դատավորի աշխատանքին և ճնշում գործադրելու դատական գործընթացի վրա։
«Օրենքը թույլ է տալիս դատավորներին որոշումներ կայացնել՝ ելնելով իրենց խորին համոզմունքներից։ Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ դատավորի որոշման հետ, ապա կան բողոքարկելու իրավական մեխանիզմներ»,- հավելեց նա։
Նախարարը համաձայն չէ, որ դատավորները կալանավորում են միայն ընդդիմադիր գործիչներին։ Նրա խոսքով, կան դեպքեր, երբ կալանավորվել են գործող նախարարներ, փոխնախարարներ, փոխքաղաքապետեր։