ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում գրանցվել է կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, առողջական խնդիրներ, և կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,– հավելեց նախարարը։
Նախարարի հորդորեց ոչ թե անհանգստանալ դեպքերի աճից, այլ գործուն քայլեր ձեռնարկել և ժամանակին անցնել պատվաստման բոլոր փուլերը:
«Պատվաստումները պաշտպանում են մեր երեխաներին և նաև այն անձանց, որոնք ինչ–ինչ պատճառներով չեն կարողանում պատվաստում ստանալ։ Օրինակ` եթե փոքրիկը վարակվի և տանը մեծահասակ լինի, ապա նրա կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը»,– ասաց Ավանեսյանը:
Հիշեցնենք` կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։