Երուսաղեմի մոտ հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ահմադ Կադիրովի անվան մզկիթը

Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը հրթիռների համազարկ էր արձակել Երուսաղեմի շրջանի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Գազայի հատվածից արձակված հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ահմադ Հաջի Կադիրովի անվան մզկիթը, որը գտնվում է Երուսաղեմի մերձակայքում՝ Աբու Գոշ ավանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հրթիռի ուղիղ հարված է եղել Երուսաղեմի մերձակայքում գտնվող Ահմադ Կադիրովի անվան մզկիթին»,-ասվում է հաղորդագրության մեջ, որին կցված է մզկիթի լուսանկարը՝ վնասման նշաններով և ծխի սյուներով։
Ահմադ Կադիրովի անվան մզկիթը
Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը հրթիռային համազարկ էր արձակել Երուսաղեմի շրջանի ուղղությամբ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։