ՀՀ բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 345 անձ

ՀՀ ԲԿ–ներում գտնվող հիվանդներից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ։ Ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 9 երեխա կա, նրանցից 2–ի առողջական վիճակում դրական դինամիկա կա»,–ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։