ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք և դրամական միջոցներ։
Բռնագանձման համար ենթակա է`
• Արարատի մարզում գտնվող 6 անշարժ, 1 շարժական գույք, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ 298 մլն 479 հազար դրամ։
• 7 մլն 946 հազար 531 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։
• 56 մլն 56 հազար 970 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Հիշեցնենք, որ դատախազությունը միայն 2023 թվականին Հակակոռուպցիոն դատարանից պահանջել է ապօրինի գույք բռնագանձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, «Փարքինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանից, Արամ Վարդանյանից (Վստրեչի Ապեր), Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից և այլ անձանցից։