ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով և նպատակ է ունեցել այն հայաթափել միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Այսօր ինքնորոշման փոխարեն ԼՂ հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: Կարևորում ենք այսօրվա այս հանդիպումը հատկապես հիմա, երբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին և արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում»,– ասել է Օհանյանը։
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:
Սենատորը նշել է` հանդիպումից ակնկալում է, որ ներկայացվեն խնդիրները և ճանապարհները, որոնցով ԱՄՆ–ն կարող է օգտակար լինել:
«Գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ–ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է»,– ասել է Գերի Փիթերսը:
Աննա Գրիգորյանը խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվեն:
Թագուհի Թովմասյանն իր հերթին նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է` կատարվեն Հայաստանում, և դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի և նրա նախագահի նկատմամբ:
Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: