Ադրբեջանի գործողությունները խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակ ունեն. ՀՀ ՄԻՊ–ի արձագանքը

ՄԻՊ գրասենյակը ահազանգեր է ստացել, որ Սոթքում գյուղատնտեսական աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվել են, հնձած խոտը մնացել է դաշտերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում մարդկանցկյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով այսօր Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային։
«Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել այն մասին, որ կրակոցները բնակավայրերում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ Սոթքում գյուղատնտեսական աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվել են, հնձած խոտը մնացել է դաշտերում, և մարդիկ չեն կարողանում այն հավաքել և տեղափոխել գյուղ: Բացի այդ, գյուղատնտեսական տեխնիկան (տրակտորը) մնացել է դաշտում.վարորդը, մտահոգվելով, որ կարող է թիրախավորվել, չի մոտենում տեխնիկային»,– ասված է հայտարարությունում։
ՄԻՊ–ը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զենքեր կիրառելը, կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, նրանց մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:
Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին