Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին և «Արարատ-Արմենիայի» ներկայիս կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Սոցցանցերում հրապարակվել է ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութը, որում 35-ամյա ֆուտբոլիստն ասում է․ «Հրաժեշտի ժամանակն է եկել»։
Տեսանյութում Գևորգ Ղազարյանը չի կարողանում զսպել հուզմունքն ու արտասվում է։
Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների` Ղազարյանն աշխատանքի է անցնելու «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը կարիերան սկսել էր 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» կազմում հանդես գալու ընթացքում այս ակումբի սանը խաղացել է նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուում»,«Շավիշում» և Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլում»:
Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 75 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: