Չեմ պատրաստվում մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ կուսակցությունը որևէ թեկնածու առաջադրելու մոտեցում չունի, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն Երևանի ավագանու ընտրությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, արձագանքել է այն լուրերին, թե Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ընդդիմությունն իրեն առաջադրելու է քաղաքապետի թեկնածու։

Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Աշոտյանը նշել է, որ բանտախցում չուներ հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբանղբյուրը, սակայն տեսնելով «իշխանական մամուլի ոգևորությունն այս կապակցությամբ», ստիպված է եղել արձագանքել։
«Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստեցնելու խոնավ երազների հետ»,-գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության թեկնածուն Արմեն Աշոտյանն է։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը»։ Սկզբում հայտարարվեց, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը։ Երկու օր անց կուսակցությունը հայտարարեց, որ ղեկավար մարմինը որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը։