ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գործող երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային ու տեղական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր այցելել են Կոռնիձորի սահմանային հատված։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Նշվում է , որ նրանց ուղեկցել ու իրավիճակը տեղում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
«Խիստ մտահոգված ենք այս իրավիճակով, սա համարում ենք ցեղասպանության ակտ: Եվ հատկապես մեր մտահոգության առարկան են 30 հազար երեխաները, որոնք ապրում են Արցախում, որոնք այսօր զրկված են տարրական անհրաժեշտ սննդից, դեղորայքից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը։
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն իր հերթին նշել է, որ այս այցով նրանք ուզում են միջազգային կառույցներին տեղեկացնել, իրազեկ պահել և խնդրել նրանց, որ կոտրեն բոլոր այն դռները, որոնց հնարավոր է և տեղ հասցնել այս մեսիջներն։
«Չի կարող օրը ցերեկով աշխարհի աչքի առաջ 30 հազար երեխա սովի մատնվել, երբ աշխարհը լիքն է ուտելիքով»,– ասել է նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։