ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ` ավելի քան 2 տոննա չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, մաքսակետ ժամանած բեռանատարը, որը վարել է ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ:
«Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորաբար, 2330 կգ ընդհանուր քաշով նոր հագուստ, որի արժեքը կազմել է 2 միլիոն 542 հազար ՌԴ ռուբլի՝ շուրջ 11 միլիոն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշված բեռի վերաբերյալ ՌԴ «Վերին Լարս» անցակետում կազմվել է տարանցման հայտարարագիրը: Նշենք, որ ի սկզբանե տվյալ ապրանքների վերաբերյալ հայտարարագիր չի եղել, այն կազմվել է ավելի ուշ՝ ապրանքների Բագրատաշենի անցակետ հասնելուց 2 օր անց:
ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից տվյալ հայտարարագիրը «հետ է կանչվել», ճանաչվել է անվավեր, քանի որ հայտարարագրման ժամանակ ապրանքները պետք է գտնվեն ուղարկող երկրի մաքսային մարմնում։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքները տրանսպորտային միջոցի հետ միասին ի պահ են վերցվել Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում։