ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Գնդապետ Ա.Գ.-ն, որը 2020 թ սեպտեմբերի 27–ին սանձահարված 44–օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը, և փոխգնդապետ Ս.Մ.-ն, որը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, հրաժարվել են կատարել իրենց անմիջական պետի հրամանները։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեկան գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ դատախազության տվյալների` նրանցից գնդապետ Ա.Գ.-ն հոկտեմբերի 15-ին չի կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու, վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու, ինչպես նաև ենթակա գումարտակների անձնակազմները ղեկավարելու վերաբերյալ իր անմիջական պետի՝ «Փիլոյան» խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա.Փ.-ի բանավոր հրամանը (խոսքն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին, որը 44–օրյա պատերազմին բանակային կորպուսներից մեկի հրամանատարն էր և ստացել էր ազգային հերոսի կոչում,–խմբ.)։
Ա.Գ.-ն պատճառաբանել է, որ գտնվում է բարոյահոգեբանական ընկճված վիճակում և հրաժարվել է մեկնել առաջնագիծ։
Ինչ վերաբերում է փոխգնդապետ Ս.Մ.-ին, ապա նա նույնպես 2020 թ հոկտեմբերի 15-ին բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ` չկատարելով իր անմիջական պետի՝ գեներալ-մայոր Ա.Փ.-ի բանավոր հրամանը:
2023 թվականի մայիսի 31-ին Ա.Գ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով:
Այս տարվա հունիսի 22-ին նրանց նկատմամբ մեղադրական եզրակացությունները հաստատվել են և հանձնվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: