ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 28 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ, 27-ը՝ ՀՀ–ից Արցախ

Նշվում է, որ ներկայում տեղափոխման հրատապ կարիք ունեցող հարյուրավոր անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ 28 անձ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը։ Կան նաև հազարավոր այլ անձինք, որոնք ոչ այնքան հրատապ նպատակներով 2 ուղղությունով երթևեկելու կարիք ունեն»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակված է արդեն 173 օր։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։
Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։