ՌԴ–ն բարի կամք դրսևորեց հացահատիկի գործարքի շուրջ բարդ բանակցություններից հետո. աղբյուր

Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հացահատիկային գործարքի գործողության ժամկետի երկարաձգումը ռիսկերի վերացում չի նշանակում։ Ռուսաստանը պարզապես բարի կամք է ցուցաբերել բարդ բանակցային գործընթացից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է մինչև հուլիսի 17-ը ներառյալ, առանց որևէ փոփոխության։ Եվ եթե երկու ամսում չլուծվեն գործարքի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը, պայմանավորվածությունը կդադարեցվի հուլիսի 17-ից հետո:
Հացահատիկի գործարքի շրջանակներում ռուսական հացահատիկի արտահանման սահմանափակումները դեռ կարգավորված չեն, նախօրեին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը: Ռուս պաշտոնյաները բանակցությունների ժամանակ ընդգծել են, որ ՌԴ - ՄԱԿ հուշագրի դրույթները, որը հացահատիկի գործարքի երկրորդ մասն է, այդպես էլ մինչ օրս չեն կատարվել: Ռուսաստանի ԱԳՆ-ում, մեկնաբանելով գործարքի հերթական երկարաձգումը, հայտարարել են, որ հացահատիկային գործարքի իրականացման «շեղումները» պետք է հնարավորինս շուտ շտկվեն:
«Դրանք շատ բարդ բանակցություններ էին (Ստամբուլում հացահատիկի գործարքի շուրջ, - խմբ.)։ Եվ ես ձեզ կասեմ, որ հարցը լուծվեց վերջին օրը՝ բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում։ Մենք հասկանում և գնահատում ենք ռուսական կողմի ցուցաբերած բարի կամքի ժեստը։ Կա նաև ըմբռնում, որ ներկայիս երկարաձգումն ամենևին չի նշանակում, որ ռիսկերը վերացված են։ Անհրաժեշտ է աշխատանք բոլոր առկա խնդիրների վերացման ուղղությամբ, որպեսզի մենք կրկին չհայտնվենք նման բարդ իրավիճակում», - նշել է գործակալության զրուցակիցը։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022–ի սեպտեմբերին նշել էր, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ։
Չինաստանը ՄԱԿ - ում հանդես է եկել հացահատիկի գործարքի կատարման հավասարակշռության օգտին
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը ՝ Ռուսաստան - ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է պարենի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT - ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերականգնում, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես նշում են Մոսկվայում, փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։