Պետք է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել. Փաշինյան

Նիկոլ Փաշինայնը նշեց, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում: Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը»,–ասաց Փաշինայնը։

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ ջանքեր` իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար։ Փաշինյանը վստահեցնում է, որ ՀՀ–ն շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ապա, ըստ Փաշինյանի, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։
Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմենր պետք է ներդրվեն։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։