ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Մեդլայն» բուժկենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը:
Շահումյանի փաստաբանները կալանավորման դեմ բողոք էին ներկայացրել, որը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Ամիրյանի, մերժել է:
Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
Նշենք, որ «Մեդլայն կլինիկի» տնօրենին մեղադրում են կորոնավիրուսի շրջանում պետական միջոցներից շուրջ 120 միլիոն դրամ հափշտակելու մեջ։
Հիշեցնենք` մարտի 10-ին հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվեց ինչպես Գևորգ Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք:
Այժմ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի 8 աշխատակիցներն ազատության մեջ են, Գևորգ Սիմոնյանն ու Բաբկեն Շահումյանը` կալանավորված։