ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են և անդրադարձել վերջին օրերին կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակին։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը նշել են, որ դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում է «համաճարակային ֆիլտր»։ Այդպիսով բացառվում է հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Գործընկերները քննարկել են նաև համատեղ անելիքները և ոլորտները կապակցող այլ հարցեր:
Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:
Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են:
Նշենք, որ վերջին 2 օրում կարմրուկի դեմ Հայաստանում պատվաստվել է մոտ 400 անձ։ Ընդհանուր առմամ` հանրության մոտ 95 տոկոսը պատվաստված է այս հիվանդության դեմ։
Հիշեցնենք՝ մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։ Մարտի 6-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։