ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի իր գործընկերոջը` Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո վերահաստատել է Հայաստանի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
Գրառմանը կից նա նաև Չավուշօղլուի հետ լուսանկարներ է հրապարակել։
«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է տարերային աղետով, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում` կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանն ամբողջությամբ բացելու մեր պատրաստակամությունը»,– նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել այսօր։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։