Օզի Օսբորնը առողջական խնդիրների պատճառով չեղարկել է իր եվրոպական շրջագայությունը

Օսբորնը հայտնել է, որ ձայնի հետ ամեն ինչ կարգին է, սակայն իրեն թույլ է զգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Բրիտանացի ռոք երաժիշտ և Black Sabbath խմբի հիմնադիրներից Օզի Օսբորնը առողջական խնդիրների պատճառով չի կարողանա ելույթ ունենալ Եվրոպայում կայանալիք շրջագայության ժամանակ: Այս մասին երաժիշտը հայտնել Է Twitter-ի իր էջում։

«Ինչպես բոլորդ գիտեք, 4 տարի առաջ վնասել եմ մեջքս... Ձայնիս հետ ամեն ինչ կարգին է: Բայց երեք վիրահատություններից, ֆիզիոթերապիաներից հետո մարմինս դեռ թույլ է»,–գրել է Օսբորնը։

74-ամյա երաժիշտը նշել է, որ եկել է այն եզրակացության, որ ինքը ֆիզիկապես չի կարող մասնակցել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ երկրներում կայանալիք շրջագայությանը, քանի որ չի կարող ճանապարհորդել:
«Հանգիստ օրեր լինում են, բայց հետո ամեն ինչ վատ է». Օսբորնը խոսել է իր հիվանդության մասին
«Երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ հյուրախաղերի օրերն այսպես կավարտվեն։ Իմ թիմը ներկայում փորձում է մտածել, թե որտեղ ես կկարողանամ ելույթ ունենալ առանց քաղաքից քաղաք և երկրից երկիր տեղափոխվելու անհրաժեշտության»,–հավելել է երաժիշտը։
Նա նշել է, որ տոմսերի գումարը կարելի է հետ վերցնել այն տոմսարկղերից, որտեղից դրանք ձեռք են բերվել։