Լուսավորության համար շենքերին հասցված վնասի պաշտոնական գնահատում չի իրականացվել․ ԿԳՄՍՆ

Ամանորյա լուսավորություն Հանրապետության հրապարակում
ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ զերծ կմնա որակավորում տալուց, քանի որ դա պետք է անեն մասնագետները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում տոնական լուսավորության համար շենքերին հասցված հնարավոր վնասի պաշտոնական գնահատում չի իրականացվել: Այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:
Վարդանյանը հետաքրքրվեց, թե ամանորյա զարդարանքների համար հրապարակի պատմամշակութային հուշարձաններին հասցված վնասն ինչ չափի է և արդյոք վերականգնման ենթակա է:
«Որևէ պաշտոնական գնահատում չի իրականացվել: Քաղաքապետարանը պարտավորություն է վերցրել այդ գործընթացը մինիմալ միջամտություններով իրականացնելու համար և պարտավորվել է հետո վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան այդ գործողությունների հետևանքով»,- ասաց փոխնախարարը:
Փոխնախարարը նախ նշեց, որ զերծ կմնա որակավորում տալուց, թե վնաս է հասցվել, քանի որ դա պետք է անեն մասնագետները: Նախագիծն իրականացրած կազմակերպության հետ քննարկումներին նախարարությունն անպայման ներկա կլինի:
«Եվ կիմանանք, թե ինչպես են փակելու անցքերը, որոնք բացվել են զարդարանքներն ամրացնելու համար»,- ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի սկզբին համացանցում բուռն քննարկման թեմա դարձան շենքերի ճակատային հատվածների վրա հայտնված հեղույսները, որոնք ամրացվել էին Երևանի տոնական ձևավորման համար։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ խնդիրը բացառապես քաղաքապետարանի դաշտում է։ Ըստ նրա՝ քաղաքային իշխանությունը պարտավորվել է, որ եթե որևէ վնաս լինի, հարյուր տոկոսով վերականգնի։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոստովանեց, որ քաղաքի նախատոնական զարդարանքի և լուսավորության աշխատանքների հարցում բացթողումներ են թույլ տվել, և խոստացավ՝ հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։
«Մեր արած ծակերն ուրիշ են, զարդանախշերի մեջ մխրճված «բոլտը»՝ ուրիշ». Ավինյան