ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի–Sputnik. Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունն առաջիկա ամիսներին սրվելու է։ Նա այդ մասին գրել է Twitter-ում։
«Ռուս-ուկրաինական հակամարտությունն առաջիկա ամիսներին կարծես թե սրվելու է։ Դա նշանակում է ավելի շատ մահեր, ավերածություններ և խոր ու երկարաժամկետ ճգնաժամ», - կանխատեսել է նա։
Միևնույն ժամանակ Քալընն ընդգծել է, որ Անկարան կշարունակի Մոսկվայի և Կիևի բանակցությունները վերսկսելու ջանքերը՝ կրակի դադարելուց մինչև գերիների փոխանակում, հացահատիկի մատակարարումից մինչև միջուկային անվտանգություն:
Հունվարի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Թուրքիայի առաջնորդը հերթական անգամ միջնորդություն է առաջարկել Զելենսկուն իրավիճակի կարգավորման հարցում։
Նույն օրը թուրքական պետության ղեկավարը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը հիշեցրել է Պուտինին ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսությունն առաջ մղելու նախաձեռնությունների դրական արդյունքների մասին, որոնք դրսևորվել են հացահատիկային գործարքով ու ռազմագերիների փոխանակմամբ: