ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ էլեն Ասատրյանը պատրաստվում է երկու քույր քաղաքների միջև համագործակցությունն ավելի գործնական դարձնել։ Նա ճանաչողական այցով Գյումրիում է։
«Գյումրին և Գլենդելը 2015 թվականից քույր քաղաքներ են, բայց դրանից հետո ոչ մի աշխատանք չի կատարվել: Իմ նպատակն է այնպես անել, որ համագործակցությունը ոչ միայն փաստաթղթային լինի, այլ նաև գործնական, ու այդ համագործակցությունը լինի ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաև քաղաքների մշակութային կառույցների միջև»,- ասաց Ասատրյանը Գյումրու մշակութային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Երկու քաղաքների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ներկայացրեց համայնքապատկան մշակութային կառույցների խնդիրները։
«Եթե խոսում ենք աջակցության մասին, ապա դա համայնքապատկան մշակութային օջախների համար կարող է լինել նորագույն տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների տեսքով` նկատի ունենալով և՛ թանգարանները, և՛ համերգային դահլիճները, որովհետև Հայաստանի պայմաններում դա բարդ է և թանկ է իրականացնել»,– ասաց նա:
Խոսելով համագործակցության մասին` Թովմասյանը հպարտությամբ նշեց՝ Գյումրին ունի հարուստ մշակութային ներկապնակ, որի շրջանակում հնարավոր է համագործակցել։ Կարող են կազմակերպվել սիմպոզիումներ, փոխադարձ այցեր, վարպետաց դասեր, շրջագայություններ:
էլեն Ասատրյանը խոստացավ վերադառնալ Գլենդել և, համադրելով հնարավորություններն ու Գյումրու առաջարկները, համագործակցության եզրեր մշակել։
Նշենք, որ Գյումրին ավելի քան 20 քույր քաղաք ունի, այդ համագործակցությունը հիմնականում պաշտոնական ու փաստաթղթային է:
Էլեն Ասատրյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում, ԱՄՆ է տեղափոխվել 10 տարեկանում: Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել այս տարվա հուլիսին։