ԱՄՆ-ն Իրանի գլխավոր դատախազի դեմ պատժամիջոցներ է սահմանել բողոքի ակցիաները ճնշելու համար

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարություն
Սեպտեմբերին երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի գլխավոր դատախազի, տարբեր ուժային կառույցների չորս ներկայացուցիչների և մեկ ընկերության դեմ՝ երկրում զանգվածային բողոքի ցույցերի ճնշմանը մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունը:
Գլխավոր դատախազ Մոհմամադ Ջաֆար Մոնտազերիին մեղադրում են այն բանում, որ վերջինս դատարաններին հրահանգել է ցուցարարների նկատմամբ կոշտ գործել. արդեն մեկ անձ մահապատժի է ենթարկվել:
Պատժամիջոցների տակ են հայտնվել «Բասիջ Մոսլեմ Մոեյն» և «Հոսեյն Մարուֆի» աշխարհազորային կազմավորումների երկու բարձրաստիճան ակտիվիստներ, ինչպես նաև Թեհրանում և Քուրդիստանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներ Հասան Հասանզադեն և Սեյեդ Սադե Հոսեյնին:
«Հոսեյնին թույլատրել Է մահաբեր միջոցների կիրառումն անզեն ցուցարարների դեմ և ցուցարարների զանգվածային ձերբակալությունների մասին հրաման է տվել, ինչը հանգեցրել է առնվազն յոթ մարդու մահվան», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Պատժամիջոցներ են սահմանվում նաև Imen Sanat Zaman Fara ընկերության դեմ, որը տարբեր սարքավորումներ է արտադրում իրանական իրավապահ մարմինների համար:
Իրանի սոցիալական ցույցերին տրվում է քաղաքական բնույթ. ի՞նչ են ուզում որոշ արտաքին ուժեր
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։