ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունները 2023 թվականին կհամագործակցեն միմյանց հետ։ Տեղեկությունը հայտնում է «Հարավային երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Նման որոշում է կայացվել «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպման ընթացքում։
«Հիմնական հարցերից մեկը «Վրացական երկաթուղի» ընկերության հետ սակագնային քաղաքականության համաձայնեցումն է եղել։ Սահմանվել են սակագնային դրույքաչափեր հացահատիկային բեռների, եղեգնաշաքարի, ցեմենտի և ցեմենտի կլինկերի փոխադրման համար։ Փոխվել են նաև կոնտեյներներով բեռների փոխադրման դրույքաչափերը։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև միջազգային ուղևորափոխադրումների զարգացմանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Քննարկվել է 2023 թվականի ամառային ժամանակահատվածում Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության կարգը, կողմերը համաձայնության են եկել վերականգնել Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի ամենօրյա երթևեկությունը նախատեսող երթուղու ժամանակացույցը։ 2023 թվականի 1-ին եռամսյակում ՀԿԵ և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների միջև Վրաստանի և Հայաստանի մաքսային և սահմանապահ մարմինների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացվի՝ ճանապարհին մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի կազմակերպման վերաբերյալ:
Նշվում է, որ 2023 թվականին նախատեսվում է նաև անցում կատարել «Օրիոն-2» ճամփորդական փաստաթղթերի վաճառքի նոր ծրագրային ապահովմանը՝ հաշվի առնելով ՀԿԵ-ի առաջարկները և ֆունկցիոնալ հնարավորությունների ավելացումը։ Ուղևորների համար այս ծառայությունը կտրամադրի բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք հասանելի չէին համակարգի գործող տարբերակում: