Կառավարությունը մտադիր է տուգանել փողոցներում նվագող ու երգող մարդկանց

Երևանի Հյուսիսային պողոտան
Երևանի ու Հայաստանի այլ քաղաքների փողոցներում բացօթյա ելույթների համար սահմանված տուգանքները կհասնեն մինչև 800 հազար դրամի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած օրենսդրական առաջարկը պայմանավորված է Երևանի ու Հայաստանի այլ քաղաքների բացօթյա վայրերում` փողոցում, մայթերին, հրապարակում, այգիներում երաժշտական, գրական, պարային և այլ ստեղծագործական ելույթները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Նախագծի հեղինակները կարգավորման անհրաժեշտությունը հիմնավորում են այն հանգամանքով, որ թեև մարդն ազատ է ցանկացած ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, այդ թվում` սիրողական մակարդակով, բայց բացօթյա վայրերում իրականացվող ստեղծագործական գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիների:
«Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծերի ընդունվելու դեպքում կհստակեցվեն քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես` սահմանվում են թույլատրելի վայրերն ու կանոնները։ Իսկ դրանք խախտելու համար սահմանվում է տուգանք` 100-200 հազար դրամի չափով:
Խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի արդեն 500-800 հազար դրամ՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող երաժշտական գործիքների և ստեղծագործական գործունեության հետ կապված այլ առարկաների բռնագրավմամբ։