Մասկն առաջարկել է վերսկսել Twitter-ի գնման գործարքը

Իլոն Մասկի առաջարկի ֆոնին Twitter-ի բաժնետոմսերի արժեքն ավելացել է ավելի քան 15 տոկոսով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ձեռնարկատեր Իլոն Մասկը Twitter-ին առաջարկել է վերսկսել ընկերությունը ձեռք բերելու գործարքը` մեկ բաժնետոմսի դիմաց 54,2 դոլար նախնական արժեքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։
«Իլոն Մասկն առաջարկում է գնել Twitter-ը` մեկ բաժնետոմսի դիմաց 54,2 դոլար նախնական գնով...Մասկն այդ առաջարկն արել է Twitter-ին ուղղված նամակում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այս ֆոնին Twitter-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 15 տոկոսով` մինչև մեկ բաժնետոմսի դիմաց 49,7 դոլար, դրանից հետո աճուրդը երկու անգամ կանգ է առել: Երևանի ժամանակով 20:13-ի դրությամբ ընկերության արժեթղթերը թանկացել էին 12,7ն տոկոսով` հասնելով 47,95 դոլարի: Երևանի ժամանակով 20:48-ի դրությամբ աճուրդը կանգնեցվել է:
ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումից հետո Մասկը հայտարարել է Իրանում Starlink-ի գործարկման մասին
Ապրիլին Մասկը 44 մլրդ դոլար էր առաջարկել Twitter-ի համար, բայց հետո պահանջել էր ստուգել ընկերության տվյալներն այն մասին, որ կեղծ օգտահաշիվների թիվը, որոնք օգտագործվում են նաև սպամ ուղարկելու համար, չի գերազանցում 5 տոկոսը: Մասկի խոսքով` սոցցանցը քիչ էր ցույց տվել այդպիսի հաշիվների թիվը, ինչպես նաև հարցմանն ի պատասխան բավարար տեղեկատվություն չէր տրամադրել: Բացի այդ, նա դժգոհ էր ընկերության կադրային քաղաքականությունից: Հուլիսի 8-ին Մասկը Twitter-ին տեղեկացրել էր, որ հրաժարվում է գնել այն: Սոցցանցը դիմել էր Դելավեր նահանգի Արդարադատության դատարան` գործարարի դեմ հայցով:
Իլոն Մասկը հայտել է, թե որ դեպքում կգնի Twitter-ը
Ամերիկյան Twitter Inc. ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության հիմնական արտադրանքը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանցն է: Շտաբը գտնվում է Կալիֆոռնիայի նախանգում` Սան Ֆրանցիսկոյում: