Ադրբեջանը 2-րդ անգամ չի կատարում գերիներին ազատ արձակելու խոստումը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը հայտնում է, որ Ադրբեջանը պարտավորվել էր 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն խոստումը չի կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Արդեն 2-րդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում էր նման խոստում տրվել։ Իսկ երկրորդը՝ հիմա. Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը»,–գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանն այս տարի երեք անգամ է հայ գերիների փոխանցել հայկական կողմին։
Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրեց 8 զինվորականի, մայիսի վերջին արտահանձնեց ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որը մեկ ամիս առաջ էր հայտնվել ադրբեջանական տարածքում: Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։
Նշենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։
ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 27-ին հայտնեց, որ Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։