ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Երևան-Արմավիր ավտոճանապարհին BMW մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր ժամը 16:10-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում ինքնասպանություն է տեղի ունեցել:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ վարորդի կողքի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև «ՏՈԶ-63» տեսակի ողորկափող հրացան:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը (որն, ըստ նախնական տեղեկությունների՝ նշված հրազենով ինքնասպան է եղել) Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Յուրա Զ.-ն է:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: