ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երեկ գիշեր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների ընթացքում Փարիզի ոստիկանությունը 105 մարդու Է ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է France bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Նշվում է, որ նախորդ գիշեր 105 երկրպագուներ ձերբակալվել են, ևս 39-ը` կալանավորվել:
Շաբաթ օրը Փարիզի արվարձանային «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը իսպանական «Ռեալի» և անգլիական «Լիվերպուլի» միջև: Հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 1: 0 հաշվով:
Խաղի սկիզբը հետաձգվել էր 37 րոպեով՝ մարզադաշտի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ երկրպագուները, հնարավոր է՝ առանց տոմսերի ներխուժել են և պահակախմբի վրայով փորձել մտնել տրիբունաներ:
Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, թե ինչպես են երկրպագուները բարձրանում ցանկապատերի վրայով և վազում մարզադաշտ։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։