ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանը չի արձագանքել հաղորդակցությունների բացման վերաբերյալ պարտավորություններն իրավաբանորեն ամրագրելու՝ Հայաստանի առաջարկին։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Մարտի 31-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ պարտավորությունները պետք է փոխադարձ լինեն։ Նա հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ մեքենայի ճանապարհ, և՛ երկաթուղի կառուցել, սակայն կարևոր է համարում Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը, որն իրավաբանական ուժ կունենա։
«Մենք շատ կոնկրետ ռիսկեր ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ի՞նչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը...», - հայտարարել էր այն ժամանակ Փաշինյանը։
Մհեր Գրիգորյանից, որը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահն է, հետաքրքրվեցինք, թե արդյոք Ադրբեջանն արձագանքե՞լ է այս առաջարկին, և արդյոք այդ ռիսկը դեռ գոյություն ունի՞:
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել այս հարցին, և նշված ռիսկը դեռ գոյություն ունի», - ասել են գրասենյակում։
Արդյոք ՀՀ-ն կշարունակի՞ (կսկսի՞) շինարարությունն այս ռիսկի պահպանման պայմաններում. այս հարցին ստացել ենք հետևյալ պատասխանը.
«Հայաստանի Հանրապետությունը բացահայտում և արձանագրում է բոլոր նմանատիպ ռիսկերը՝ դրանց պատշաճ կառավարման նպատակով»։
Չի որոշվել նաև հնարավոր ավտոմոբիլային ճանապարհի երթուղին և արժեքը, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել էր ՀՀ վարչապետը:
Գրասենյակից պատասխանել են, որ «նշված հարցերը դեռ քննարկման փուլում են»։
Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե ինչ միջոցներով է կառուցվելու ՀՀ տարածքում Երասխ–Հորադիզ երկաթգիծը։
Մայիսի կեսերին Sputnik Արմենիային տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ տարածքում Երասխ-Հորադիզ երկաթգծի 43 կմ հատվածի գեոդեզիական նկարահանում է իրականացվել։
Ֆինանսավորման վերաբերյալ հարցին նախարարությունում պատասխանել էին, որ դրան հնարավոր կլինի անդրադառնալ նախագծահաշվարկային աշխատանքների ավարտից հետո։
Մեր թղթակցի գրառումներին կարող եք ծանոթանալ նաև նրա հեղինակային տելեգրամյան ալիքում։