Միկա Բադալյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյան. Արխիվային լուսանկար
Բլոգերի փաստաբանները կարծում են, որ Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն «Ազատագրում» շարժման առաջնորդ, բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել, որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի պետությունների միջև փոխադարձ ջերմ հարաբերությունները։ Սակայն պետք է փաստել, որ նրա կալանավորելը վկայում է, որ ՀՀ իշխանությունները շեղվել են ճիշտ ճանապարհից և արդեն մեջքից են հարվածում դաշնակից պետությանը»,–գրել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով` Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաները դադարեցնելու համար։
Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։