ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերն ավելացել են

ԱՀԿ–ի գրասենյակը. Արխիվային լուսանկար
Կազմակերպության տվյալներով` վարակվածների ամենամեծ թվերը գրանցվել են Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղյակ է մարդկանց շրջանում կապիկի ծաղկով վարակվելու 131 դեպքի մասին, ևս 106 անձ հետազոտվում է: Այս մասին վկայում են Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանի ընթացքում ներկայացված շնորհանդեսի տվյալները։

ԱՀԿ-ի մայիսի 23-ի տվյալներով՝ 17 ոչ էնդեմիկ երկրներ հայտնել են կապիկի ծաղկի, ընդհանուր առմամբ՝ 131 դեպք արձանագրելումասին, ևս երկու պետություններ՝ Սուդանը և Արգենտինան, փորձաքննում են ենթադրյալ վարակները:

Կազմակերպության տվյալներով՝ վարակվածների ամենամեծ թվերը գրանցվել են Իսպանիայում (40), Պորտուգալիայում (37) և Մեծ Բրիտանիայում (20):
Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:
Արդեն իսկ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան և Շվեդիան։ Կապիկի ծաղկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։