ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ֆիննական Gasum-ին՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2021 թվականին ընկերությունը Gasum-ին 1.49 մլրդ խմ գազ է մատակարարել, ինչը Ֆինլանդիայում գազի ծավալների ընդհանուր սպառման 2/3-րդն է։
Ընկերությունը նշում է նաև, որ մայիսի 20-ին` աշխատանքային օրվա ավարտի դրությամբ, «Գազպրոմ էքսպորտը» Gasum-ից ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարումներ չի ստացել, ինչը պետք է արվեր համաձայն ՌԴ նախագահի 2022 թվականի մարտի 31-ի №172 հրամանագրի։
Ապրիլին «Գազպրոմ էքսպորտը» Gasum-ին ծանուցել էր, որ պայմանագրով համաձայնեցված վճարումներն ապագայում պետք է իրականացվեն ռուբլով և ոչ եվրոյով։ Սակայն Gasum-ը չէր ընդունել ռուսական ընկերության առաջարկը։ Եվ քանի որ էական տարաձայնություններ ուներ պայմանագրի նաև այլ պահանջների հետ կապված, Gasum-ը որոշել է պայմանագրի կատարման հարցով արբիտրաժային դատարան դիմել։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և հայտնեց, որ եթե ապրիլի 1-ից ոչ բարեկամական երկրները ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Նոր սխեմայի համաձայն` «Գազպրոմբանկը» արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ կբացի արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց հաշվարկների համար: Գնորդը կկարողանա միջոցները առաջին հաշվին փոխանցել «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին, և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»: