Արթուր Գալեյանը ազատության մեջ է. դատավորը մերժել է կալանավորումը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբայրը` Արթուր Գալեյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբայրը` Արթուր Գալեյանը, ազատության մեջ է։ Դատավոր Արմեն Պողոսյանը ձերբակալությունը համարել է ոչ իրավաչափ, իսկ կալանավորումը՝ մերժել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր քննվելու է Արթուր Գալեյանի խափանման միջոցի և ձերբակալման իրավաչափության հարցը։
Նշենք, որ մայիսի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Արթուր Գալեյանին (Գարիկ Գալեյանի եղբայրն է` խմբ.) ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), 137.1-րդ հոդվածի 1-ին մասով (ծանր վիրավորանք հասցնելը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է, և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ մայիսի 17-ին` ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ Նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
Արթուր Գալեյանի պաշտպանը խոստանում է տեսանյութ հրապարակել, եթե իր պաշտպանյալին կալանավորեն