Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակվել է. Ջենտիլոնի

Անհամաձայնության առանցքում եղել է ռուսական նավթի ներմուծման էմբարգոյի կետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 6-րդ փաթեթն արգելափակվել է։ Այս մասին Rai News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի գծով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

«Մենք շատ արագ և միաձայն ընդունել ենք պատժամիջոցների հինգ փաթեթ, սակայն հայտնի պատճառներով՝ վեցերորդ փաթեթը դեռ կանգնած է։ Ես լավատեսորեն եմ տրամադրված փոխզիջում գտնելու հեռանկարների հարցում»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ արտգործնախարարները հերթական անգամ չկարողացան փոխզիջումային որոշման հանգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ:
Անհամաձայնության առանցքում եղել է ռուսական նավթի ներմուծման էմբարգոյի կետը։ Ընդ որում, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ այդ փաթեթի ընդունման համար որոշում պահանջող հարցերը «զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում»:
Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքի կապակցությամբ մտահոգություն են հայտնել Հունգարիայի իշխանությունները։ Նրանց խոսքով՝ երկիրը հսկայական վնասներ կկրի այդ միջոցառման պատճառով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 84-րդ օրը։