ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է դիմի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փորձի պարզել, թե վիճակագրական ո՞ր տվյալներն են հաշվի առել Covid-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ զեկույցի համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքով` միաժամանակ նախարարությունը պետք է պարզաբանումներ տա վերջին երկու տարվա ընթացքում հանրապետությունում գրանցված ավելցուկային մահերի վերաբերյալ։
«Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ին պետք է պարզաբանի, որ ավելցուկային մահերի թվերը ոչ միայն կորոնավիրուսի, այլև 44-օրյա պատերազմի հետևանք են։ ԱՀԿ-ն Հայաստանի վերաբերյալ իր հաշվարկում մոտ 4000-ով քիչ ցուցանիշ պետք է հաշվեր»,- ասաց Մելիք-Նուբարյանը։
Համաձայն ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների` 2020 թվականին Հայաստանում մահացել է շուրջ 36 000 մարդ, իսկ 2020 թվականին` 34 000 մարդ։
Մելիք-Նուբարյանի խոսքով` ԱՀԿ-ն սովորաբար հաշվարկում է արտակարգ իրավիճակին նախորդող 3-5 տարիներին գրանցված մահերի միջին ցուցանիշը։ Որովհետև, եթե արտակարգ որևէ բան չի կատարվում, մահացության տվյալները մեծ տատանումներ չեն տալիս։
«Եթե հաշվարկենք նախորդ 5 տարիների ցուցանիշը (մինչ կորոնավիրուսի բռնկումը), կստացվի, որ ամեն տարի Հայաստանում մահանում էր շուրջ 26 000 մարդ: Այսինքն, վերջին 2 տարվա կտրվածքով մենք ունենք շուրջ 20 000 ավելցուկային մահ, որից շուրջ 4000-ը մահացել են 44-օրյա պատերազմի հետևանքով, այսինքն` ռազմական գործողության ժամանակ զոհվածների թիվը հանած` ավելցուկը կազմելու է շուրջ 16 000»,-ասաց նա։
Գրեթե ողջ աշխարհում մահացության թվերի աճ է գրանցվել։ Բայց եթե Եվրամիության երկրներում մահերի աճը կազմել է 12-15 տոկոս, ապա Հայաստանում` կրկնակի շատ։
Մելիք-Նուբարյանի խոսքով` այս տարվա առաջին եռամսյակի տվյալների վերլուծությունը վկայում է, որ ավելցուկային մահացության ցուցանիշի բացասական միտումը դեռևս շարունակվում է, բայց պատճառը հայտնի չէ` հաշվի առնելով համաճարակային կայուն իրավիճակը։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ հայտարարեց, որ ԱՀԿ-ի` Հայաստանում Covid-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են։ Գերատեսչության հայտարարության մեջ ասված էր, որ դիմելու է կառույցին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում: