ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, տեղեկությունը հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հայտնել էինք, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։ Նա նավակով նկարահանումներ իրականացնելիս գետն է ընկել։
Աբրահամյանը հայտնել է, որ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ մահ է առաջացրել)։
Քրեական գործը, դեպքի հանգամանքների լիարժեք և համակողմանի պարզմանն ուղղված գործողություններ կատարելու գրավոր ցուցումով ուղարկվել է ՔԿ Լոռու մարզային վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր` Արմինեի ամուսինը հետն է եղել նկարահանման ժամանակ։ Նավակը շրջվել է, և ամուսինը փորձել է օգնել կնոջը, սակայն գետը քշել-տարել է նրան։