ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում կայացավ Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված ֆուտբոլի մանկապատանեկան երկօրյա մինի մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխությունը։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլային մրցաշար
© Photo : МКДЦ "Дом Москвы" в Ереване
Մրցաշարը կազմակերպել էր Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը ՀՖՖ–ի հետ համատեղ: Մասնակցել էին հանրակրթական դպրոցների և «Ռոսիա» ՀԿ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները: Երկօրյա խաղերի ընթացքում եզրափակիչ էին հասել Խարբերդի թիվ 1, Վ․Մայակովսկու անվան թիվ 7, Ռ․Սևակի անվան թիվ 151 և Մ․ Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի աշակերտները։
Մրցաշարի չեմպիոն դարձավ թիվ 33 դպրոցի թիմը։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին մեդալներով և դիպլոմներով պարգևատրեցին «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Էդգար Մանուկյանը և ՀՖՖ գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանը:
Մրցաշարի հաղթողները
© Photo : МКДЦ "Дом Москвы" в Ереване
Պարգևատրման արարողությունն անցավ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ:
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նվագախումբը
© Photo : МКДЦ "Дом Москвы" в Ереване
«Երեխաները գերազանց խաղ ցուցադրեցին։ Հուսով եմ՝ ապագայում նրանց կտեսնենք ազգային հավաքականում, և նրանք պատվով Հայաստանը կներկայացնեն աշխարհում։ Բոլոր խաղացողներն արժանի էին պարգևների, եզրափակիչ խաղը իսկապես թեժ էր, համառ մրցակցություն էր ընթանում։ Հաղթանակի օրվա այս մրցաշարին հայկական և ռուսական դպրոցների աշակերտների մասնակցությունը երկու ժողովրդի դարավոր բարեկամության հերթական ապացույցն է»,- նշել է Վահրամ Կարապետյանը:
Վահրամ Կարապետյան
© Photo : МКДЦ "Дом Москвы" в Ереване
ՀՖՖ գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանն էլ շնորհավորել է չեմպիոններին՝ մյուս թիմերին հիշեցնելով, որ հաղթանակի ճանապարհը գծվում է պարտություններով։
Գագիկ Աղբալյան
© Photo : МКДЦ "Дом Москвы" в Ереване
Նշենք, որ «Մոսկվայի տուն» կենտրոնը մայիսի 6-15-ը լայնամասշտաբ ծրագրով է նշում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակը: Մայիսի 6-ին Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվել է «Հայրենական մեծ պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված հաղթանակի 77-ամյակին: Նույն օրը Հրազդան քաղաքի Դրամատիկական թատրոնում կայացել է Վանաձորի կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան։