ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապն աջ ծնկի խնդիրների պատճառով առաջին անգամ օգտվել է անվասայլակից: Տեղեկությունը հայտնում է il Messaggero թերթը։
Պարբերականի տվյալներով՝ այսօր International Union of Superiors General (IUSG) խոշոր կաթոլիկ կազմակերպության միանձնուհիների ընդունելությանը քահանայապետը սայլակով է հասել դահլիճի իր համար նախատեսված տեղը։ Սայլակը տանում էր նրա օգնականը:
Ֆրանցիսկոս պապը արթրոզ ունի, որը խանգարում է նրան լիարժեք մասնակցել եկեղեցական ծառայություններին։ Նա միայն փոքր հեռավորություններ է կարողանում ոտքով հաղթահարել։
Ապրիլի վերջին քահանայապետը բժիշկների խորհրդով չեղյալ է հայտարարել նախատեսված միջոցառումները, իսկ ավելի վաղ նա չի կարողացել գլխավորել Աստծո ողորմության կաթոլիկ տոնի պատարագը: Ծնկահոդի ցավի պատճառով Ֆրանցիսկոս պապը աթոռին նստած հետևել է պատարագին՝ վերջում կարճ քարոզով դիմելով հավատացյալներին:
Անցյալ տարի հուլիսին աղիների վիրահատության ենթարկվելուց հետո նույնպես քահանայապետը սայլակի օգնությամբ էր տեղաշարժվում: