ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոխեց Արզնիի օդանավակայանի մասին որոշումը, որն ընդունվել էր 4 տարի առաջ։
Եթե 2018 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանն ընդգրկվել էր քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում, այսինքն` պետք է ծառայեր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օդանավերին, ապա այսօր ընդունված որոշմամբ նույն օդանավակայանը պետք է ծառայի միայն ռազմական նպատակով։
Որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։
««Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկի» փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվում են «Արզնի» օդանավակայանի զարգացման հեռանկարային ծրագրեր, որոնց իրականացման համար օդանավակայանի ներկայիս կարգավիճակը կառաջացնի լրացուցիչ խոչընդոտներ»,- ասված է որոշման նախագծում։
Նշենք, որ բացի «Արզնի» օդանավակայանից, համատեղ բազավորման աերոդրոմի կարգավիճակ ունեն նաև Գյումրու «Շիրակ» ու Երևանի «Էրեբունի» օդանավակայանները։