ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Մոսկվան արգելում է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և երկրի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասիի մուտքը Ռուսաստան, «սև ցուցակում» են նաև Ճապոնիայի ֆինանսների, պաշտպանության և արդարադատության նախարարները, այսօր հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը:
«Ֆումիո Կիսիդայի վարչակազմն աննախադեպ հակառուսական արշավ է ծավալել, անթույլատրելի հռետորաբանություն է թույլ տալիս Ռուսաստանի Դաշնության հասցեին, այդ թվում՝ զրպարտություն և ուղղակի սպառնալիքներ։ Նրան հետևում են նաև Ճապոնիայի հասարակական գործիչները, փորձագետներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք մեր երկրի նկատմամբ լիովին լցվել են Արևմուտքի սկզբունքներով»,- ասված է նախարարության կայքում:
Այս ուղղությամբ ընթանալով` Տոկիոն ամեն ինչ անում է բարիդրացիական կապերը քանդելու, ռուսական տնտեսությանն ու ՌԴ-ի միջազգային հեղինակությանը վնաս հասցնելու համար։ ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ՝ հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Ճապոնիայի կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ պետության բարձրագույն ղեկավարության դեմ սահմանված անհատական պատժամիջոցները, որոշում է ընդունվել Ճապոնիայի հետևյալ քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն անժամկետ արգելելու մասին:
Մեկնաբանության մեջ ներկայացվում է Ճապոնիայի քաղաքացիների ցանկը, որոնց մուտքը ՌԴ այսուհետ արգելվում է։ Նրանց թվում է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին, պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։ Ընդհանուր առմամբ, «ստոպ-ցուցակում» 63 մարդ կա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 70-րդ օրը։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։