Միրզոյանը Նուլանդին հայտնել է Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման կարևորությունը

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը, տեղեկանում ենք ԱԳՆ–ից։
«Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես` հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։
Նշվում է նաև, որ Միրզոյանն ու Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել ԼՂ–ում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։
Հիշեցնենք, որ Միրզոյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով՝ մայիսի 2- 6-ը մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երրորդ նիստին։