Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. Կոմիտասի պողոտայում լարված իրավիճակ է

Կոմիտասի պողոտայում բազմաթիվ կարմիր բերետավորներ կան։ Նրանք ցուցարարներին ընդամենը 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակում են մայրաքաղաքի փողոցները՝ ի նշան գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնության։
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Կոմիտասի պողոտայում։ «Դիմադրություն» շարժման անդամները վաղ առավոտից` 8։15-ից սկսած, կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։ Այս պահին մի խումբ ցուցարարներ փակել են Կոմիտասի պողոտան։ Նրանց մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։ Ցուցարարներն ի նշան բողոքի գունավոր ծխագլաններ են վառել։
Կադրերում Կոմիտասի պողոտան է։ Նշենք, որ այնտեղ արդեն բազմաթիվ կարմիր բերետավորներ կան։ Նրանք ցուցարարներին ընդամենը 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար։
Ժամանակը լրանալուց հետո նրանք անցան գործողությունների` բռնի ուժ կիրառելով` ցուցարարներին հանեցին փողոցից։ Ցուցարարները, սակայն, ոստիկանների հետ բախման չգնացին, այլ շարունակեցին քայլել արդեն մայթով։
«Առանց Նիկոլ Հայաստան»,-բղավում են ցուցարարները։
Միաժամանակ հայտարարվում է նաև մարզային ճանապարհների փակման մասին։
Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3–ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։